Երկու օր առաջ ազգային հիշատակներին նախանձախնդիր եզակի մի մարդու՝ Էդվարդ Այվազյանի հրավերով առաջին անգամը լինելով այցելեցի Տավուշի մարզի Հովք գյուղն ու նրան մերձ Ամենափրկիչ վանքը:

Հովքի ներկայիս բնակիչների մեծամասնությունը 1988-1989 թթ. Հյուսիսային Արցախից բռնագաղթված հայերն են, ովքեր նախնյաց անհաշիվ հուշարձաններ են թողել իրենց բազմադարյան բնակավայրերում:

Ներկայումս հայկական հիշատակներ են բացահայտվում նաև բնիկներին վերադարձված Հովքում:

Թերևս ԺԹ դարավերջից ի վեր և մինչև 1988 թ. այս գյուղը թրքաբնակ էր, որոնց՝ պարտադրված «եղբայրասիրությունից» դրդված կոչում էինք ադրբեջանցի: Ակնհայտորեն հենց այս պատճառով երբևէ ուսումնասիրված չի եղել միմյանց կից զույգ եկեղեցիներից բաղկացած վանքը, որն ունի գերեզմանոց և շրջապարիսպ:

Պարզվում է, որ խորհրդային տարիներին աչքից հեռու այս վանքը «եղբայր ադրբեջանցիները» վերածել էին աղբանոցի և տասնամյակներ շարունակ արդեն իսկ ավերակ և մասամբ հողի տակ անցած հենց վանքատեղիի վրա էին թափել իրենց աղբը:

Հայտնի չէ, թե դարերից ավանդված աղբակուլ այս հնավայրը էլ ինչքան կմնար այդ վիճակում, եթե ընդամենը վերջերս Է. Այվազյանը չորոշեր մաքրել հնավայրի գլխին կուտակված աղբը, որից հետո նաև փլվածքներից և ժամանակից գոյացած հողաշերտը:

Մեծ պատիվ և ուրախություն էր ինձ համար տեսնել սրտացավ մարդու եռանդով լույս աշխարհ եկած փոքրիկ վանքն իր մի քանի խաչքարերով, տապանաքարերով և դրանց բեկորներով: