Իսրայելի հարավի Նեգև անապատում փետրվարի կեսերին մեկնարկում է Մարսի վրա գիտական առաքելության նմանակման փորձարարական կայանի աշխատանքը: Անապատի կենտրոնական մասում գտնվող Միցպե Ռամոն խառնարանում, արդեն պատրաստ է մասնագիտացված կառույցը՝ Կարմիր մոլորակի մակերևույթին D-Mars կայանի սիմուլյատոր-մակետը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ կայանի մակերեսը ծավալված տեսքով կազմում է 50 քառակուսի մետր, իսկ փորձարարական առաքելությանը մասնակցում են վեց հետազոտողներ: Կայանը բաղկացած է մի քանի սենյակներից՝ ննջարանային հատվածամասից, խոհանոցից և սնման բլոկից, ինչպես նաև կառավարման կետից և լաբորատորիայից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Առաջին արշավախումբն այնտեղ մեկնարկում է փետրվարի 15-ից մինչև 18 ընկած ժամանակամիջոցում, հաղորդվում է D-Mars-ի կայքում: Այն կազմակերպվել է Ավստրիայի Austrian Space Forum ընկերության հետ համագործակցությամբ:

«Գիտափորձի մասնակիցները կմեկուսացվեն շրջակա աշխարհից և կկարողանան կացարանի սահմաններից դուրս գալ սոսկ սկաֆանդրերով»,- հայտնել է Իսրայելի հեռուստատեսության Իններորդ ալիքը: