Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուղ Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում ասել է․

«Սևանա լճի ափերին կապտականաչ ջրիմուռների ծաղկման պրոցեսը բավականին քչացել է, բայց դա չի նշանակում, որ վերջն է։ Ջրիմուռները սկսել են մահանալ, բայց նստում են հատակին, որոշ տեղերում սկսվում է փտեցման պրոցեսները, որը կլանում է թթվածինը։ Այնպես չէ, որ լրիվ վերացել է»,- ասել է նա։

Պրոֆեսորի խոսքով, ջրիմուռների զարգացման պրոցեսները ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում։

«Աշնանն ընդհանրապես տեղի է ունենում կապտականաչ ջրիմուռների զարգացում։ Դա կլինի ծաղկում՝ արտառոց զարգացում, թե ոչ, դժվար է ասել, կախված է տարբեր գործոններից՝ տարվա այդ ժամանահատվածի ջերմաստիճանից, լճի ջրի բարձրանալուց կամ չբարձրանալուց, որոնք այդ ծաղկման հիմնական պատճառն է»,- ասել է Բ. Գաբրիելյանը

Նրա խոսքով, այն մասերում, որտեղ կային ջրիմուռների կուտակում, լողալ չէր կարելի, բայց մյուս մասերում, իհարկե, կարելի էր, որովհետև թույնը չի տարածվում ողջ լճով։ Պրոֆեսորի խոսքով, մեկ տարում հնարավոր չէ այնպես անել, որ ընդհանրապես կանխեն ջրիմուռների ծաղկումը, քանի որ նախատեսում են միջոցառումներ՝ ջրի մակարդակի բարձրացում, ափամերձ գոտիների մաքրում, ձկնային, խեցգետնի պաշարի բարձրացում, կառուցել մաքրման կայաններ։

«Մեկ տարում հնարավոր չէ, բայց պետք է սկսել ու տարեցտարի կունենանք լավացում։ Եթե դա չարվի, կգնա վատացում, քանի որ հատակին կուտակված օրգանական նյութը մյուս տարի խառնման ժամանակ կմտնի պրոցեսների մեջ»,- ընդգծել է մասնագետը։

Նա նշել է, որ պետք է սկսել ափամերձ գոտիների մաքրումը, արգելել գետերով կենցաղային աղտոտված ջրերի մուտքը լիճ, այսինքն կատարել Սևանի պահպանության համար օրենքով նախատեսված միջոցառումները, որը պարտավոր են անել համապատասխան կազմակերպությունները։

«Եթե շարժվենք օրենքի պահանջներով, կունենանք ջրի որակի բավականին լավացում»,- ասել է պրոֆեսորը։

Խոսելով լճում ջրային պաշարների մասին, Բարդուղ Գաբրիելյանն ասել է, որ դրությունը բավականին բարենպաստ չէ կողակի, բեղլուի համար, պաշարները գրեթե վերացել են։

«Իշխանի դեպքում միտում կար, որ արհեստական աճեցման և բացթողման արդյունքում վիճակը բարելավել, սակայն ես բազմիցս ասել եմ՝ քանի գետերում բազմացում չկա, իսկ գետերում պայմաններ չկան, ահավոր վիճակում են գտնվում, խոսել բնական զարգացման մասին, սխալ է»,- նշել է նա։

Գաբրիելյանն ասել է, որ կառավարությունը վերջապես պետք է որոշի, թե ի՞նչ է ուզում Սևանա լճից.

«Նախկինում էլ, այսօր էլ հստակ կողմնորոշում չկա՝ ինչ որակի ջուր ենք ուզում ու դրանից ելնելով կառուցել ռազմավարությունը, այլապես տեղի կունենա խառնաշփոթ։ Երբ այդ հարցը որոշվի, այսինքն ուզում ենք խմելու որակի ջուր, կամ ձկնարդյունաբերական որակի ջուր կամ ոռոգման, այդ դեպքում ռազմավարությունը կուղղվի դրան, տնտեսությունը կաշխատի դրա վրա, մենք կհասնենք այդ նպատակին»։