Նախօրեին՝ հուլիսի 17-ին, Ստամբուլի թուրքական քրեական դատարանը 2007թ-ի հունվարին Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող 9 կասկածյալների նկատմամբ վճիռներ է կայացրել։

Ներկայումս Դինքի սպանության գործի դատավարությունը շարունակվում է, իսկ 9 կասկածյալների նկատմամբ դատավճիռը կայացվել է, քանի որ հակառակ դեպքում նրանք կարող էին խուսափել պատժից՝ հանցագործության վաղեմության ժամկետի պատճառով։

Դատարանը Էրհան Թունճելին դատապարտել է 99.5 տարվա ազատազրկման՝ «Դինքի սպանությանը մասնակցելու, զինված խմբավորումների ստեղծման և ռումբի պայթյունի կազմակերպման համար»։ Թունճելը կալանավորվել է դատական նիստերի դահլիճում:

Եվս մեկ կասկածյալ, որը նախկինում դատապարտվել էր ցմահ բանտարկության Հրանտ Դինքի ոճիրի պատճառով, դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման։

Օկյուն Սամասթի համար դատարանը վճռել է 3 տարի 9 ամիս բանտարկություն, սակայն քանի որ նա հանցագործության ժամանակ եղել է 16 տարեկան, դատարանը պատիժը կրճատել է 2 տարի 6 ամսով։ Սամասթը նաև կրում է 22 տարի 8 ամսվա բանտարկություն՝ Դինքի սպանության հետ ոչ անմիջական կապի համար։

Մյուս ամբաստանյալներ Զէյնել Ապիտին Յավուզը դատապարտվել է 12 տարի 6 ամսվա, Ահմետ Իսքենտերն ու Էրսին Յոլճուն՝ 1 տարի 10 ամիս և Թունճայ Ուզունտալը՝ 15 տարի ազատազրկման։

Դատարանը 2 ամբաստանյալների արդարացրել է։ Նույն ոճիրի այլ մեղադրյալների դատերը, որոնք բոլորն էլ պետական պաշտոնյաներ են, առանձին է տեղի ունենալու։