Իջևան քաղաքի՝ բերման ենթարկված բնակիչների հարազատներն այս պահին հավաքվել են քաղաքի մի հատվածում։ Նրանց որևէ մեկը չի ասել, որտեղ են իրենց հարազատները։

Կանայք պատմել են՝ ոստիկանների բռնությունների մասին, մարդկանց տարել են երեխաների աչքի առաջ։ Այս մասին տեղեկանում ենք PARA.TV-ի ուղիղ եթերից։

«Ուռած, անկապ բաներ են ասում, մտել են ներս, ես գիշերանոցով եմ։ Ասում եմ՝ մի հատ դուրս եկեք, ես հագնվեմ, նոր կմոտենաք։ Չէ, լկտի ձևով քարշ են տալիս, ձեռքս տվեցին դռնովը։ Հրեցին, ինձ պադեզդում գցեցին, թոռնիկներս վախեցան, սկսեցին լաց լինել։ Կանգնել է շենքի առաջ, ասում է, տես՝ քեզ ինչ եմ անելու։ Ուռած, լկտի, ինչ պիտի անես, իմ երեխեն ի՞նչ հանցանք է կատարել»,- ասել է կինը։

Նրանք պահանջում են՝ «իրենց անմեղ» երեխաներին իրենց տան, հետն էլ աշխատատեղ ստեղծեն, որ մարդիկ աշխատեն։

«Ոսկե ձկնիկի պատմություն է դարձել, գեղջուկ կինը ինչ է դառել։ Մեր երեխեքն էլ վարկերի տակ, պարտքեր տակ։ Բախումը սկսել է խմած միլիցեքի հարձակումից, ըսկի թուրքը էդ բանը չէր անի»,- ասում են կանայք։

Նրանցից մեկն էլ պատմում է, գիշերով մտել են տներ, երեխաների, ծերերի աչքի առաջ, կանդալել են ու տարել, չգիտեն էլ՝ ուր։

«Իմ տղան էպիլեպսիայով հիվանդ է։ Չեն ասել, ուր են տանում, ինչի համար են տարել»,- ասել է նա՝ չբացառելով, որ ոստիկանների ուղղությամբ քարեր նետողները եղել են քաղաքացիական հագուստով ոստիկանները։

«Ոստիկանները եկել են, մարդկանց հրմշտել են, գցել են։ Ես անձամբ աչքս գցել եմ, նայել եմ։ Տեսել եմ, որ շորերը փոխել է, քաղաքացու շորերով մտել է ժողովրդի հետ ու հրահրել բախում։ Ինքը սկզբից ոստիկանի հագուստով էր։ Ես ապացուցել չեմ կարող, անունը չգիտեմ, առաջին անգամ էի տեսնում»,- ասել է կինը։