Տավուշի մարզպետարանում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի, մարզպետ Հայկ Չոբանյանի ու Տավուշի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցությունն ավարտվել է։

Լրագրողների հետ զրույցում Վանեցյանն ասել է, ունեցել են բովանդակալի զրույց՝ հասկանալու, ապա լուծում տալ խնդիրներին։

«Տավուշի մարզը բացառիկ է իր անտառներով։ Դրանք կարող են օգտագործվել ավելի արդյունավետ, քան որպես վառելանյութ։ Տավուշի մարզի անտառները կարող են լինել զբոսաշրջային տարածքներ, ու այդ ուղղությամբ կառավարությունը նախաձեռնել է «Անտառային օրենսգրքում» փոփոխություններ, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան անտառի տարածքում կազմակերպել հանգստի գոտիներ»,- ասել է ԱԱԾ տնօրենը՝ ավելացնելով, որ այլ մանրամասների չի տիրապետում։

Վանեցյանն ասաց, ոչ միայն Տավուշում, այլև անատառաշատ այլ տարածքներում ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, միայն ԱԱԾ կողմից 10 քրեական գործ է հարուցվել, մեղադրյալների թվում են նաև պաշտոնյաներ։ Նա նշեց, որ քննության արդյունքում բացահյտվելու են նաև անտառահատման բիզնեսի տերերը։

Վանեցյանը կոչ է արել Տավուշի մարզի բնակիչներին այլևս երեկվա արածը չկրկնեն, ասաց՝ բոլորը կկանգնեն օրենքի առաջ, կոչ արեց ինքնակամ ներկայանան։

Տավուշի մարզպետը Հայկ Չոբանյանն էլ ասել է որ համայնքի ղեկավարն ու ավագանին էլ պետք է ավելի ակտիվ ներգրավվեն խնդրի լուծման գործում։

Ցուցարարները պահանջում են ազատ արձակել իրենց հարազատներին և ի նշան բողոքի փակեցին միջպետական մայրուղին: