Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Իջևանի անտառպետության մոտ 800 հեկտար մակերեսով անտառամասում մեկ տարվա հատումների ինտենսիվության դինամիկան ցույց տվող արբանյակային լուսանկարներ:

«Որպեսզի պատկերացում կազմեք, թե ինչ ահավոր ծավալների ապօրինի հատումներ են իրականցվել Իջևանի անտառտնտեսության անտառներում, որպես օրինակ ուղղակի ներկայացնում եմ վերջին մեկ տարվա ընթացքում Իջևանի անտառպետության մոտ 800 հեկտար մակերեսով անտառամասում հատումների ինտենսիվության դինամիկան։

Առաջին արբանյակային պատկերը 2018թ-ի հուլիս ամիս, երկրորդ ՝ 2019թ-ի հուլիս ամիս և երրորդ՝ 2019թ-ի հուլիս ամսվա արբանյակային պատկերը համադրված անտառպետության թափանցիկ քարտեզի (դեղին եզրագծով) հետ, կանաչ գույնով թվերը՝ քառակուսիների և անտառային հատվածների համարներն են: Եվ ամբողջ անտառտնտեսության տարածքով այս վիճակն է»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Իջևանում տեղի ունեցած իրադարձություններին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ: Երեկվա դեպքերի մեղավորները ինչպես նաև ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»,- ասել է նա: