Թուրքիայում կայացած միջոցառումների ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնալիքներ է ուղղել Կիպրոսին։ Էրդողանը, ելույթ ունենալով Կիպրոսի գրավման 45-րդ տարելիցի միջոցառմանը, հիշեցրել է, որ իրենք պատրաստ են ցանկացած ժամանակ ռազմական միջամտություն կատարել՝ պաշտպանելու Կիպրոսի թուրքերին:

Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է.

«Բոլորը գիտեն, թե ինչ հզոր և հաղթող բանակ ունի Թուրքիան, նաև գիտեն, որ Կիպրոսը Թուրքիայի անբաժան մասն է, ու մենք Կիպրոսի դեպքում վարվելու ենք այնպես, ինչպես վարվում ենք, երբ հարձակման տակ է լինում մեր երկիրը»։

Իր հերթին Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, թե Թուրքիան դեպի Կիպրոսի ջրային տարածքներ է ուղարկում հետախուզող հատուկ նավեր, որոնք միանալու են Կիպրոսի ազատ գոտում տեղակայված թուրքական հորատող նավերին։

Հիշեցնենք, որ հակառակ եվրոպական համայնքի կողմից Անկարային ուղղված զգուշացումներին՝ Թուրքիան հետամուտ է ամեն գնով Կիպրոսի ջրային տարածքներում շարունակել հորատման աշխատանքները, որով լարվածությունը հասնում է աննախադեպ սրացման։