ՀՀ գլխավոր դատախազությունը շրջանառության մեջ է դրել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնող օրենսդրական նախագիծ:

Դրանով նախատեսվում է, նման բնույթի դեպքերով քննվող քրեական գործերով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքերը քննարկելիս առանձնահատուկ անդրադառնալ ճանապարհային երթևեկության կանոնի խախտման բնույթին, վարորդների կողմից ալկոհոլի օգտագործման, կատարված առերևույթ հանցավոր արարքից հետո դեպքի վայրը լքելու հանգամանքներին:

Պայմանավորված ճանապարհատրանսպորտային հանցագործություններով պատժողական քաղաքականության խստացման անհրաժեշտությամբ, միջազգային փորձի ուսումնասիրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում մշակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով սահմանված սանկցիաների խստացմանը միտված օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը ներկայացվել է ՀՀ Արդարադատության նախարարությանը:

Դրանով նախատեսվում է հիշյալ հոդվածում հանցագործությունների ծանրացնող հանգամանք դիտել դրա առավել լայն տարածում և առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող տեսակները՝ ՃՏՀ-ի կատարումը ալկոհոլ օգտագործած վիճակում, սահմանված արագությունը կրկնակի գերազանցելը կամ տրանսպորտային միջոցը վարելու իրավունք չունեցող անձի կողմից վարելը:

Նախագծով առաջարկվում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայում (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) նախատեսել ազատազրկման ստորին շեմ՝ հիշյալ հանցագործության համար որպես պատիժ սահմանելով երեքից հինգ տարի ժամկետով ազատազրկում:

Վերջինս պայմանավորված է նրանով, որ ներկայիս իրավակարգավորումներով նման շեմ նախատեսված չլինելը լայն հայեցողություն է տալիս դատարանին, և շատ հաճախ կատարված հանցագործության հանրային վտանգավորությանը ոչ համաչափ պատժի նշանակման պատճառ հանդիսանում: Դա այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված հանցանքը պակաս հանրային վտանգավորություն չունի, քան մարդու դեմ ուղղված որոշ հանցագործություններ:

Օրենսդրական առաջարկվող փոփոխությունները կնպաստեն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործություններով համաչափ պատժողական քաղաքականության իրականացմանը, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերի կանխմանը, հասարակական կարգի, մարդու կյանքի ու առողջության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների պահպանմանը: