Տոկիո-2020թ-ին մնացել է ուղիղ մեկ տարի։ Մեկ տարի անց Ճապոնիայի մայրաքաղաքում աշխարհի հարյուրավոր երկրների հազարավոր մարզիկներ կպայքարեն բաղձալի՝ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար։

Տոկիո-2020թ-ը Արթուրի 3-րդ Օլիմպիական խաղերն են։ Նա պատմում է, որ բոլոր խաղերին էլ նույն կերպ է պատրաստվում։

«Այս անգամ միակ առանձնահատկությունն այն է, որ խաղերին արդեն Օլիմպիական չեմպիոնի կարգավիճակում պետք է գնամ։ Կապ չունի Օլիմպիական խաղեր են, աշխարհի, թե Եվրոպայի առաջնություն, ինձ համար բոլորն էլ շատ պարտավորեցնող են, քանի որ բոլորը միայն ոսկե մեդալի ակնկալիք ունեն ինձնից»,- ասել է նա։

2018թ-ի աշխարհի առաջնությունում պարտությունից հետո Մինսկում տեղի ունեցած Եվրոպական խաղերում հաղթանակը Արթուր Ալեքսանյանի առաջին լուրջ հաջողությունն էր։ Արթուրի հաղթական վերադարձը վերջ է դրել այն խոսակցություններին, որ հայ ըմբիշը կորցրել է երբմենի որակները և այլևս նրա համար պայքարելը շատ բարդ է լինելու։

«2018թ-ին Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնության ժամանակ վնասվածքս շատ է խանգարել ինձ։ Այն խոսակցություններին, թե այլևս առաջվանը չեմ, ուշադրություն էլ չեմ դարձնում, ես գիտեմ, ներքուստ զգում եմ, որ կարող եմ և շարունակելու եմ գոտեմարտել։ Եվրոպական խաղերում հաղթանակս ապացույց էր, որ շատ անտեղի են այդպիսի խոսակցությունները և կարծիքները»:

Մինչ Եվրոպական խաղերի մեկնարկը Արթուր Ալեքսանյանը մասնակցել էր Ղազախստանում կայացած միջազգային մրցաշաարի և հաղթել էր։ Հայ ըմբիշը շեշտում է, որ դա նույնպես ուժեղ մրցաշար էր։

Սեպտեմբերի 14-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում տեղի կունենա վարկանիշային աշխարհի առաջնությունը։ Այդ առաջնությանը Օլիմպիական չեմպիոնը պատրաստվում է թիմի հետ։ Այս պահին նրանք գտնվում են մարզումային ծանրաբեռնված փուլում։ Խոսակցության վերջում հայ ըմբիշն ասաց, որ էական չէ, թե ում կհաղթի աշխարհի առաջնությունում (2018թ-ին նա կիսաեզրափակչում պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևին), կարևորը վերջնական արդյունքն է։

«Ղազախստան եմ մեկնելու, ոչ թե աշխարհի չեմպիոնի տիտղոսը հետ բերելու, այլ աշխարհի քառակի չեմպիոն դառանալու, իսկ թե այդ ճանապարհին ում կհաղթեմ, ինձ համար կարևոր չէ»,- խոսքը եզրափակել է նա։