Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այլևս ՀԱՕԿ-ի անդամ չէ: Արտահերթ գլխավոր ասամբլեայի ընթացքում որոշում կայացվեց ՀԲՖ-ին հեռացվել Օլիմպական կոմիտեի անդամակցությունից:

ՀԱՕԿ-ի 64 անդամներից 61-ը կողմ քվեարկեցին ՀԲՖ-ի հեռացմանը: 2-ը քվեարկեցին ձեռնպահ, իսկ 1-ը չմասնակցեց քվեարկությանը: ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն իր ելույթում հայտարարեց, որ «նման քայլի պատճառը ՀԲՖ-ի նախագահ Արթուր Գևորգյանի թույլ տված անօրինություններն են, որոնք ստվեր են գցել նաև ՀԱՕԿ-ի հեղինակության վրա»: Քվեարկության արդյունքով, ՀԲՖ-ի փոխարեն ՀԱՕԿ-ի ժամանակավոր անդամ դարձավ բռնցքամարտի Ազգային ֆեդերացիան:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ ՀԱՕԿ-ին կոչ անելով հարգել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները և ՀԲՖ-ին չզրկել անդամությունից: