ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ 2020թ-ի հունվարի 1-ից Հայաստանում գիտական հաստատությունները կֆինանսավորվեն ըստ իրենց աշխատանքի արդյունավետության:

Հարությունյանի խոսքով՝ ենթահանձնաժողովները կայցելեն հիմնարկներ և կգնահատեն նրանց աշխատանքը:

«Պարզ թվաբանություն է: Ամեն աշխատանք ինչ-որ միավոր արժի: Ակնկալում ենք, որ հիմնարկների միջև այսպես առողջ մրցակցություն կառաջանա, ինչը կհանգեցնի բյուջեի ավելի արդյունավետ օգտագործման», - նշել է ՀՀ գիտության կոմիտեի նախագահը, հայտնում է «Առավոտը»:

Հարությունյանը հայտնել է, որ բազմաթիվ երկրներում վաղուց գիտությունը ֆինանսավորվում է հենց այս սկզբունքով, ուստի իրենք «նոր հեծանիվ չեն հայտնաբերել»:

«Յոթ չափանիշ կա, այդ թվում՝ տպագրված հոդվածների վարկանիշը, հեղինակների՝ գիտաժողովներին մասնակցությունը, միջազգային կապերը, գիտաշխատողների մանկավարժական գործունեությունը, նորագույն սարքավորումների առկայությունը, գրանտները: Այն ամենը, ինչը նպաստում է տվյալ գիտական հիմնարկի արդյունավետությանը, հաշվի է առնվելու», - մանրամասնել է Հարությունյանը: