ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում տեղի է ունեցել Միացյալ Թագավորության Կառավարության հովանավորությամբ և Բրիտանական խորհրդի կողմից իրականացվելիք «Փոփոխության սերունդ» կրթական ծրագրի շրջանակներում ստեղծված անգլերենի ակումբի պաշտոնական բացման արարողությանը, որին ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Կոտայքի մարզպետարանի և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչներ:

Ներկաներին շնորհավորելով կենտրոնի բացման կապակցությամբ՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ նախարարությունը ժամանակին դիմել է Բրիտանական խորհրդին՝ խնդրելով օժանդակել օտար լեզուների տարածման ծրագրին, որի շրջանակում էլ ՀՀ վեց համայնքում կգործեն վեց բազմաֆունկցիոնալ կենտրոններ:

«Այսօր կարևոր իրադարձություն է, քանի որ բացում ենք փոքր, բայց մեծ ներուժ ունեցող անգլերենի ակումբ, որով մարզերում օտար լեզուների ուսուցման որակը բարձրացնելու առումով շատ կարևոր քայլ է կատարվում: Նախատեսում ենք յուրաքանչյուր մարզում ունենալ 1-2 նմանատիպ դպրոցներ, որոնք մեխանիկորեն կդառնան վերապատրաստման, դասընթացների անցկացման, որակյալ ծրագրերի իրականացման լուրջ հենակետեր ողջ մարզի համար: Նույն գործընթացը նախատեսում ենք իրականացնել ֆրանսերենի և գերմաներենի պարագայում: Բացի այդ, Բրիտանական խորհուրդը մշակել է 21-ր դարի անգլերենի ուսուցման 12 ուղղություն և մեթոդաբանություն, որը ցանկանում ենք տեղայնացնել Հայաստանի համար: Եթե ծրագիրը հաջողություն ունենա, ապա հնարավոր է այն կիրառել ոչ միայն լեզուների, այլ նաև տարբեր առարկաների համար», - նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատանը և Բրիտանական խորհրդին, քանի որ, ըստ Լևոն Մկրտչյանի, նրանց աջակցությունն անգլերենի ուսուցման որակի բարձրացման գործընթացին հսկայական է:

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն իր հերթին նշել է, որ ներկայումս անգլերեն լեզվի իմացությունը շատ կարևոր է, քանի որ այն մեծ դեր ունի աշխարհում՝ որպես միջազգային լեզու: Ըստ դեսպանի՝ անգլերենը նաև հնարավորություն է՝ Հայաստանը և նրա մշակույթը ներկայացնելու աշխարհին: