Փետրվարի 8-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ Ակադեմիայի և Արցախի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Հուշագիրը ստորագրեցին Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը:

Արցախի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Հուշագրի ստորագրմամբ կողմերը նպատակ ունեն նպաստել Արցախի Հանրապետության դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց պատշաճ մասնագիտական պատրաստվածությանը և վերապատրաստմանը, ինչպես նաև երկու պետությունների դատական համակարգերի ներկայացուցիչների միջև շփումների ակտիվացմանը:

Սերգեյ Առաքելյանը, ողջունելով հյուրին, նախ շնորհավորեց Արցախի բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ապա նշեց, որ հուշագրի ստորագրման անհրաժեշտությունը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրական փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել Արցախի Հանրապետությունում: Նրա խոսքով՝ մի շարք լիազորություններ, որոնք նախկինում Արդարադատության խորհուրդը կամ Դատարանների նախագահների խորհուրդն էր իրականացնում, այժմ փոխանցվել է Բարձրագույն դատական խորհրդին: «Այսօր որոշել ենք իրավական հիմքի վրա դնել մեր համագործակցությունը: Իմ համոզմամբ՝ յուրաքանչյուր հայի կարևորագույն նպատակներից մեկը պետք է լինի Արցախին, Արցախի գործընկերներին հնարավորինս աջակցելը: Այդ առումով յուրաքանչյուրս մեր տեղում շատ լուրջ խնդիր ենք լուծում. նպաստում ենք Արցախի պետության կայացմանը, զարգացմանը»,-իր ելույթում նշեց ռեկտորը:

Գայանե Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ռեկտորին ջերմ ընդունելության համար և վստահեցրեց, որ նույն ջերմությամբ էլ կշարունակվի համագործակցությունը: