Որպեսզի պատկերացնեք Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ տիեզերական մասշտաբի սուտը /իսկ ես, որ այսօր կարդացի, քանի որ Հանրային խորհրդում պետք է քննարկվեր, ու սարսափեցի այդ ստից/, ուշադիր կարդացեք գրվածը և մեջբերումը։

Ցանկացած իրավական ակտ, այդ թվում կոնվենցիա, ամենասկզբում նշում է, թե որն է տվյալ իրավական կարգավորման նպատակը և որոնք են շրջանակները, այսինքն՝ ո՞ւմ վրա է տարածվում, ըստ այդմ՝ ում վրա չի տարածվում։ Բացառություն չկազմելով՝ դա արել է նաև Ստամբուլյան կոնվենցիան, որի 1-ին և 2-րդ հոդվածներում կարդում ենք, որ թիրախը համատարած ԿԻՆՆ ՈՒ ԸՆՏԱՆԻՔՆ են (իսկ ՀՀ սահմանադրությունը ընտանիք սահմանում է տղամարդու և կնոջ իրավահավասար միությունը), գործողությունն էլ տարածվում է ԲԱՑԱՌԱՊԵՍ ԿԱՆԱՆՑ ՈՒ ԸՆՏԱՆԻՔԻ վրա։ Կոնվենցիան ընտանիքի նոր սահմանում չի տալիս, այլ այն տվյալ երկրի ներքին սահմանման հարցն է։ Ըստ այդմ, մեջբերում եմ բոլոր կետերը, որտեղ բացառապես կտեսնեք ԿԻՆ եզրույթը․

«Հոդված 1 –Կոնվենցիայի նպատակները

1. Սույն Կոնվենցիայի նպատակներն են՝
ա. կանանց պաշտպանությունը բռնությունից, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելումը, քրեական հետապնդումը և վերացումը;
բ. կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացմանը նպաստելը և կանանց և տղամարդկանց միջև իրական հավասարության հաստատումը խթանելը, այդ թվում՝ կանանց իրավազորման միջոցով;
գ. կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության բոլոր զոհերի պաշտպանության և նրանց աջակցություն տրամադրելու ուղղությամբ համակողմանի կարգավորումների, քաղաքականությունների և միջոցների մշակումը;
դ. միջազգային համագործակցության խթանումը՝ կանանց նկատմամբ բռնությունը և ընտանեկան բռնությունը վերացնելու նպատակով;
ե. կազմակերպություններին և իրավապահ մարմիններին աջակցություն և օգնություն տրամադրելը՝ կանանց նկատմամբ բռնությունը և ընտանեկան բռնությունը վերացնելու ուղղությամբ միասնական մոտեցումներ ձևավորելու համար արդյունավետ համագործակցելու նպատակով։
2. Մասնակից պետությունների կողմից Կոնվենցիայի դրույթների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով, Կոնվենցիայով ստեղծվում է վերահսկողության հատուկ մեխանիզմ։

Հոդված 2 –Կոնվենցիայի գործողության շրջանակները

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի վրա, ինչը ներառում է կանանց նկատմամբ ոչ համաչափորեն կիրառվող ընտանեկան
բռնությունը։
2. Մասնակից պետություններին քաջալերվում է սույն Կոնվենցիան կիրառել ընտանեկան բռնության բոլոր զոհերի նկատմամբ։ Մասնակից պետությունները, սույն Կոնվենցիայի դրույթներն իրականացնելիս, պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն գենդերային հիմքով բռնության կին զոհերին։
3. Սույն Կոնվենցիան կիրառվում է խաղաղության և զինված հակամարտությունների ժամանակ»:

Առնվազն չգիտեմ ինչ է պետք ծխած լինել, որ այսպիսի հստակեցումից հետո ասես, թե կոնվենցիան տարածվում է նաև ՈՉ ԿԱՆԱՆՑ վրա․․․ Հիշեցնեմ, որ մեր ներքին օրենսդրությամբ կին և տղամարդ նշվում են կենսաբանական, ոչ սոցիալական ինքնանույնացումով։ Առավել ևս՝ Կոնվենցիան որևէ անդամ երկրի չի պարտադրում անցում կատարել սոցիալական ինքնանույնացման, կամ ինչպես շահարկում են՝ չի ներմուծում երրորդ սեռի գաղափարը․․․

Ի դեպ, կոնվենցիայի անունն էլ սա է՝ "Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին"։

Ի դեպ, այս բոլորն այսօր մեկ առ մեկ, բառ առ բառ կարդացել եմ Առաջին լրատվականի եթերից․․․

Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ, կոնվենցիայի ամբողջ տեքստն էլ՝ կցում»: