Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղը դարձել է զբոսաշրջային կենտրոն։

Ռոբերտ Ղուկասյանի մշակած 10-ամյա ծրագիրն արդեն արդյունքներ է տալիս, որն իրագործվում է «Թայմ լենդ» հիմնադրամի և ամբողջ գյուղի ջանքերով։ 35 ընտանիք ունեցող գյուղում այսօր արդեն գործում են 9 անհատ ձեռներեց, 2 հասարակական կազմակերպություն և 1 հիմնադրամ։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության ֆեյսբուքյան էջից։

Բնակավայրի տարածքում պահպանվել են պատմական մի շարք հուշարձաններ, այդ թվում՝ դամբարանադաշտեր, որոնք քարե դարից են։ Այստեղ զբոսաշրջիկները կարող են գտնել ամեն ինչ՝ օրգանական գյուղատնտեսությունից մինչև հնագիտական և արկածային զբոսաշրջություն։

Մոտ օրերս Կալավանում կբացվի հանրային սնննդի առաջին կետը՝ անտառային խոհանոցը։ Այստեղ հնարավոր կլինի համտեսել անտառի բարիքներից պատրաստված ավելի քան հարյուր ուտեստ, որոնցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի։ Իսկ սեպտեմբերի սկզբին կբացվի գիտական և արկածային զբոսաշրջության կենտրոնը: Կենտրոնում կգործի թանգարան, գրադարան, հանդիպումների դահլիճ, ընդունարան, սրճարան, բուժկետ, ինչպես նաև կից տարածքում կտեղադրվեն 200 մարդու համար նախատեսված վրաններ:

Այժմ Կալավանը տարեկան ընդունում է մոտ 2 հազար զբոսաշրջիկի։ 2020թ-ին այս թիվը ակնկալում են հասցնել 10 հազարի։