Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի (ԳՀԻ) պահպանման և զարգացման համար Կառավարությունը մոտ 14 միլիոն դրամ է հատկացրել։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ՝ 2015թ-ի հունվարին Մանկավարժական համալսարանը հիմնադրել է «Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն»-ը, իսկ 2018թ-ին Շախմատի հետազոտական կենտրոնի և հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի հիման վրա ստեղծվել է «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը, որի առաքելությունն է բացահայտել շախմատի ներուժը, դրա իրացման հնարավորությունները։

Այս տարվա փետրվարին ԿԳՆ-ի գիտության կոմիտեի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրամի միջև կնքվել է պայմանագիր, որով պետք է իրականացվի «Շախմատ» ԳՀԻ ենթակառուցվածքի պահպանում և զարգացում» ծրագրի ներդրման գործընթաց և հետազոտություններ՝ շախմատի հոգեբանական, սոցիոլոգիական, կրթական և այլ հիմնախնդիրների շուրջ։ Այդ նպատակով «Շախմատ» ԳՀԻ-ին հատկացվել էր 11 միլիոն դրամ։ Սակայն գումարը բավարարել է մինչ մայիս ամիսը, և հետագա գործունեության համար հաշվարկվել է մոտ 14 միլիոն դրամ լրացուցիչ ծախս, որն այսօր Կառավարությունը հատկացրեց։