Բնապահպանի տուն ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարվել Սևանա լճի ձկների և խեցգետինների վերացման պատճառների մասին․

«Այսօր Սևանում սուզվելու ընթացքում հասկացա, որ ձկների համար ուտելիքը ավելի քան շատ է։ Ուղղակի այդ խեղճ արարածները չեն հասցնում բազմանալ, որովհետև նրանց անընդհատ, անկանոն որսում են։ Սևանի հատակին կան բազմաթիվ, հարյուրավոր հնացած ու լքված ռակալովկաներ` խեցգետնի թակարդներ, որոնք մաշվել, կտրվել ու մնացել են, բայց խեցգետինները շարունակում են խճճվել ու մնալ դրանց մեջ։ Այդ պատճառն արդեն իսկ բավական է խեցգետնի պոպուլյացիան էապես կրճատելու համար։ Այսինքն հատակին ամենուրեք թափված թակարդները շարունակում են բռնել ու սպանել խեցգետիններին ու դրանք այդպես էլ հավերժ կմնան այնտեղ, եթե հայ սուզորդներն իրենց սուզումների ժամանակ անձնվիրաբար չմաքրեն ու չհանեն դրանք դուրս։ Սակայն դա այս պահին մեծ օգուտ չի տալիս։ Այս վիճակի համար պատասխանատու են միայն ու միայն ձկնորսները, որոնք ուղղակի թքած ունեն, որ իրենց թակարդները պոկվել ու մնացել են ջրի տակ։ Այդքանից հետո նրանք էլի ու էլի են թակարդներ լցնում լիճը, որոնք իհարկե շուտով էլի կփտեն, կպոկվեն ու կմնան հատակին։ Կարճ ասած լճում արդեն չկան բավարար ու անվտանգ պայմաններ խեցգետինների ապրելու համար։ Սևանն իրանով դարձել է թակարդների թափոնավայր և անիմաստ, անօգուտ, աննպատակ սպանում է խեցգետիններին։

Քանի որ բոլորս ենք պարտական Սևանա լճին դարեր շարունակ, առանձնապես պատերազմի ժամանակ մեզ կերակրելու ու փրկելու համար, առաջարկում եմ շրջակա միջավայրի նախարարությանը դիմել ArmDiving ակումբին, հովանավորել նրանց ու զբաղվել այս կարևոր խնդիրով նույնպես։ Հավատացեք, որ սա նույնպես լուրջ հարց է և այն անտեսել չի կարելի»։