Այս տարվա մայիսի սկզբին Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում քաղաքացիների կուրանալու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունը դեռ չկան։ Այս մասին գրում է Պանորամա-ն։

Քննչական կոմիտեից հայտնել են․

«ԵՔՔՎ Աջափնյակի քննչական բաժնում քննվում է քրեական գործ՝ հարուցված քրեական օրենսգրքի 279 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս պահին ունենք վեց տուժող»։

Հիշեցնենք, որ ութ հիվանդ կորցրել էր տեսողոթյունը Avastin դեղամիջոցի ներարկումից հետո։

Քրեական օրենսգրքի 279 հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը կամ նշված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների` անվտանգության պահանջներին համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթղթերն ապօրինի հանձնելը կամ օգտագործելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»։