«Հին Հռոմի գունեղ տեսիլները. խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից»

Հայաստանի ազգային պատկերասրահը և Հայաստանում Իտալիայի դեսպանատունը ներկայացնում են «Հին Հռոմի գունեղ տեսիլները․ խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» եզակի ցուցահանդեսը, որը կազմակերպվել է «Գլոկալ Փրոջեքթ» խորհրդատվական ընկերության հետ համատեղ, Հռոմի համայնքի և Հռոմի մշակութային ժառանգության կապիտոլյան բաժնի ղեկավար Մարիա-Վիտորիա Մարինի Կլարելիի ջանքերի շնորհիվ: Այս մասին տեղեկանում ենք Հայ-եվրոպական մշակութային կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

Ցուցահանդեսը կգործի օգոստոսի 10-ից մինչև սեպտեմբերի 29-ը։

Աշխարհի ամենահին թանգարանի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների, խճանկարների հոյակապ հավաքածուն ներառում է ինչպես առանձնատներից և այգիներից, այնպես էլ դամբարաններից գտնված եզակի օրինակներ։ Այս խճանկարները հարդարել են տարբեր պատմական անձանց, օրինակ Հուլիոս Կեսարի առանձնատունը և ներկայացնում են հռոմեական խճանկարչության հարստությունն ու վարպետությունը։ Ցուցադրությունը ներառում է տարատեսակ նյութերի կիրառությամբ ստեղծված խճանկարների պատկերագրական և զարդային հարուստ տեսականի։