Կառավարությունը որոշեց Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը անհատույց սեփականության իրավունքով հողամասեր տրամադրել ։

ՀԿ-ն նախատեսում է այնտեղ կառուցել «Երեխաների քաղաք», ինչպես նաև՝ իրականացնել սոցիալական անապահով պայմաններում ապրող, հաշմանդամություն ունեցող երեխաների լիակատար զարգացման, ինքնադրսևորման, մանկական աղքատության կրճատմանն ուղղված բարեգործական ծրագրեր:

«Ծրագրի թիրախ է ընտրվել կրթության և ինքնազարգացման սահմանված հնարավորությունների պայմաններում ապրող, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխանները», - հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Ըստ ներկայացված ծրագրի՝ անմիջական շահառուների թիվը հասնում է 600։

Կառավարության որոշմամբ՝ ՀԿ-ին հատկացվեց Տափերական համայնքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 10.2 հա մակերեսով վարելահող, իսկ Շահումյան համայնքում՝ բնակավայրերի նպատակային նշանակության 14.913 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամաս։