Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու հարցով Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ։

Այս մասին ասել է Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Ըստ Վերաքննիչ քրեական դատարանի՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի գրությունը դատական ակտ չէ, ուստի բողոքարկման ենթակա չէ, ինչի հետ մենք համաձայն չենք: Դա որոշում է և անձի իրավունքը գերակա է ձևական ընթացակարգերի նկատմամբ»: Գրում է Tert.am-ը։

Նշենք, որ պաշտպանը միջնորդութուն էր ներկայացրել, որպեսզի դատարանը քններ Արմեն Գևորգյանի ամբողջ գույքի վրա դրված կալանքը վերացնելու հարցը: Մոտ երկու ամիս առաջ դատարանը գրությամբ հայտնել էր, որ միջնորդությունը կքննի գործը վերսկսելուց հետո, քանի որ կասեցման փուլում դատավարական որևէ գործողություն կատարելու իրավասություն չունի։

Դրանից հետո Էրիկ Ալեքսյանը Վերաքննիչ դատարան բողոք էր ներկայացրել, ինչն էլ Վերաքննիչ ատյանը թողել էր առանց քննության:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու մեջ, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: