Երևանի ավագանին օգոստոսի 9-ին արտահերթ նիստում կքննարկի աղբահանության և սանիտարական մաքրման համար լրացուցիչ 1.7 մլրդ դրամ հատկացնելու նախագիծը։

Նշվում է, որ ավելացումն իրականացվելու է մի շարք ծառայությունների նվազեցման հաշվին. մասնավորապես՝ նախադպրոցական հաստատությունների՝ մանկապարտեզների հիմնանորոգման և վերանորոգման համար նախատեսված գումարը՝ 91 մլն դրամով:

Քաղաքապետարանը գումարն ուղղելու է տրանսպորտային սարքավորումների ձեռք բերմանը՝ 1.5 մլրդ դրամ, հնամաշ, այրված կամ ջարդված աղբամանները փոխարինելուն՝ 155 մլն դրամ։ Նախատեսվում է գնել 5 փոշեկուլ ավտոմեքենա, որոնք կմաքրեն մայթերն ու գազոնները, 11 ձնամաքրող մեծ մեքենա, 10 փոքր ձնամաքրող մեքենա, որոնք կմտնեն բակեր, 22 ձնամաքրող տրակտոր՝ մայթերի մաքրման համար, 10 փոքր աղբահավաք մեքենա, 3 միավոր աղբաման լվացող մեքենա, որ աղբամանները քլորաջրով լվացվեն, ախտահանվեն և 1000 մետաղական աղբարկղ: