Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտի ելույթին, լրագրողների հետ հանդիպմանը նշել է․

«Առհասարակ, նման արտահայտությունները՝ «Արցախը Հայաստանն է» Ադրբեջանի կողմից ներկայացվում է իբրև ագրեսիայի արտահայտում ՀՀ կողմից։

Իրականում նման հայտարարություններ միշտ եղել են՝ նաև նախկին իշխանությունների կողմից: Սա չի նշանակում, որ ՀՀ-ն տապալում է բանակցային գործընթացը, սա նշանակում է, որ մենք թե մշակութային, թե պատմական, թե բնակչության առումով մեկ ենք, մի հայրենիք ենք: Սա միայն քաղաքական հայտարարություն չէր։

Փաշինյանի հայտարարությունը չի խոսում այն մասին, որ Հայաստանը հրաժարվում է բանակցային գործընթացից կամ խնդրի խաղաղ կարգավորումից: Ադրբեջանն իրավունք չունի խոսել ագրեսիայից, քանի որ իրենք են հենց ագրեսիա տարածողը: Հիշենք, 2018թ-ին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Զանգեզուրը, Գոյչան՝ Սևանը, Երևանն Ադրբեջանի «պատմական հողերն են» ու մի օր վերադարձնելու են: Այսինքն՝ սա հավակնություն ՀՀ տարածների նկատմամբ Ադրբեջանի նախագահի կողմից: Եթե իրենք փորձում են ասել, որ նման հայտարարություններով Հայաստանը խաթարում է բանակցային գործընթացը, ապա ինչպե՞ս որակավորենք իրենց հայտարարությունները»,- նշել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ հակամարտության մեջ բանակցային հիմնական երկու կողմ կա՝ Արցախ ու Ադրբեջան, իսկ երրորդ կողմը՝ Հայաստանը, Արցախի անվտանգության երաշխավորն է:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին, նա նշել է.

«Այսօր Ադրբեջանը փորձում է լարել իրավիճակը Նախիջևանի, Տավուշի ու Արցախի սահմանի երկայնքով»։