Օգոստոսի 11-ին, ժամը 21:00-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել էր օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ: Արտահերթ նիստի առիթ էր հանդիսացել Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում՝ Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին հարակից անտառում բռնկված խոշոր հրդեհը:

Օպերատիվ շտաբի ղեկավար ֆելիքս Ցոլակյանը աշխատանքային խմբի անդամների ուշադրությունը հրավիրել է երկու հանգամանքի վրա. նախապատրաստական աշխատանք, ուժերի համախմբում, ապա հրդեհաշիջման իրականացում: Պետք է գործի դրվի մարդկային ներուժը, դեպքի վայրում կենտրոնացվի անհրաժեշտ տեխնիկա և գործիքներ:

Օպերատիվ աշխատանքային խումբը՝ իրավիճակի վերլուծության և մասնագիտական քննարկման արդյունքում, պլանավորել է ըստ գերատեսչությունների կատարվելիք աշխատանքները: Քննարկման ընթացքում հատկապես ընդգծվել է ծանր տեխնիկայի աշխատանքի անհրաժեշտությունը, որի միջոցով պետք է սահմանազատել հրդեհի օջախները և կանխել դրանց տարածումը: Պետք է ունենալ ջրի բավարար պաշար՝ տեղանքի դժվարամատչելիության պատճառով, հրշեջ-փրկարարական մեքենաների օգտագործման անհնարինության դեպքում, ջրի սրսկիչներով հրդեհաշիջում իրականացնելու համար: Հրդեհի տարածման ուղղությունները և մասշտաբները հսկողության տակ պահելու համար կիրականացվի օդային հետախուզում:

Օպերատիվ աշխատանքային խմբի ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը խմբի անդամներին հանձնարարել է օպերատիվ կապ պահել տեղում աշխատանքները համակարգող, օպերատիվ շտաբի քարտուղար, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանի հետ: Հրդեհի տարածքում բջջային և ինտերնետային կապի հաճախակի խափանումներով պայմանավորված, մշտական կապ ունենալու համար, նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ ԱԻՆ կապի մեքենան ուղարկվել է հրդեհի գոտի:

ԱԻ նախարարի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները բերված են բարձր պատրաստականության վիճակի:

Հանդիպման ավարտին Ֆելիքս Ցոլակյանը հայտնել է, որ քննարկման արդյունքները զեկուցելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: