Սլովակիայում ավարտվել են շախմատի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունները: Եվրոպայի առաջնությունն անցկացվել է 6 տարիքային խմբերով՝ մինչև 8, 10, 12, 14, 16 և 18:

Հիանալի է հանդես եկել մինչև 16 տարեկանների ենթախմբում հանդես եկող Արմեն Բարսեղյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և հռչակվել Եվրոպայի մինչև 16 տարեկանների չեմպիոն: Բարսեցյանը նաև 47 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը: Արմեն Բարսեղյանի մարզիչն է միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանը:

Եվրոպայի առաջնությունում հաջող է հանդես եկել մինչև 12 տարեկանների մրցաշարում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և դարձել Եվրոպայի մինչև 12 տարեկանների փոխչեմպիոն: Փիլիպոսյանը մրցաշարի մեկնարկից գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն 8-րդ տուրում պարտություն կրեց ապագա չեմպիոն Մարկ Մաուրիցցիից և նվաճեց միայն արծաթե մեդալ: Ռոբերտ Փիլիպոսյանի մարզիչն է գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, հայտնում է chessfed.am-ը:

Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճելուն շատ մոտ էր նաև մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Աննա Սարգսյանը: Հայ շախմատիստուհին վաստակեել է 6.5 միավոր և կիսել 3-6-րդ հորիզոնականները: Սակայն, լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո նա հայտնվել է 6-րդ հորիզոնականում:

Լավագույն տասնյակում տեղեր են զբաղեցրել նաև մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Գագիկ Նավոյանը և մինչև 10 տարեկան աղջիկների ենթախմբի մասնակից Անահիտ Մկրտչյանը, ովքեր համապատասխանաբար զբաղեցրել են 5-րդ և 7-րդ հորիզոնականները: