Ազգային ժողովի աշխատակազմի ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի տեղակալ Հրայր Զորյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին տեղեկությունը հաստատել է ինքը՝ Զորյանը։ Գրում է «ՊանԱրմենիան»-ը։

Նա հայտնեց, որ աշխատանքից ազատվելը պայմանավորված է Ազգային ժողովում կառուցվածքային փոփոխություններով։

«Վարչության պետի տեղակալի հաստիք այլևս գոյություն չունի գրեթե բոլոր վարչություններում։ Ես դրա մասին տեղեկացել եմ ամսի 9-ին»,- ասել է Զորյանը։

Մեր հարցին, թե նա պատրաստվում է մասնակցել վարչության պետի համար տեղի ունեցող մրցույթին, Զորյանը պատասխանել է․

«Ժամանակը կգա, կերևա»։

Կառուցվածքային փոփոխությունների հետ կապված զրուցեցինք նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանի հետ, ով հայտնել է.

«Խորհրդարանում վարչության պետի տեղակալի հաստիք պահպանվել է միայն Արտաքին կապերի վարչությունում։ Այն ունի իր օբյեկտիվ բացառությունները, քանի որ վարչության պետը մշտապես գործուղվում է Արտաքին գործերի նախարարությունից և ինստիտուցիոնալ հիշողության համար այդ վարչությունում միշտ կա պետի տեղակալի հաստիք, որը լինում է ԱԺ աշխատակից»։