Փետրվարի 5-ից 10-ը Երևանում անցկացվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության եռամյա անդամակցությանը նվիրված միջոցառումների շարք, այդ թվում՝ դասախոսություններ Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների համար: Այդ նպատակով փետրվարի 9-ին Ակադեմիա այցելեցին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանի դատավորներ Արմեն Թումանյանը և Դենիս Կոլոսը: Հյուրերը հանդես եկան «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի հիմնական նորամուծությունները» թեմայով դասախոսությամբ, որին ներկա էին դատավորներ, Ակադեմիայի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ:

Ողջունելով հյուրերին՝ Գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը նշեց, որ Ակադեմիայում ավանդույթ է դարձել նման ձևաչափով հրավիրյալ փորձագետների դասախոսությունների անցկացումը:

Բանախոսները նախ ներկայացրին հետխորհրդային տարածքում տնտեսական համակարգի փոփոխությունները՝ Միության փլուզմամբ պայմանավորված, ապա՝ ԱՊՀ-ի ձևավորումը՝ որպես տնտեսական նոր կապերի հաստատման միջավայր: Այդ համատեքստում դիտարկվեց ԵԱՏՄ-ի ստեղծումը՝ որպես միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում և հանուն ազգային տնտեսությունների կատարելագործման, համագործակցության, մրցունակության բարձրացման և կայուն զարգացման պայմանների՝ ի շահ անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարձրացման: Այդ առումով հյուրերը մեծապես կարևորեցին Եվրասիական տնտեսական միության դատարանի դերը, որն ապահովում է անդամ-երկրների և միության մարմինների կողմից ԵԱՏՄ պայմանագրի և այլ միջազգային պայմանագրերի կիրառումը միության շրջանակներում:

Բանախոսները մանրամասն ներկայացրին դատարանի կառուցվածքը, առանձնահատկությունները, պետության անունից լիազոր մարմնի կողմից դատարան դիմելու ընթացակարգը և թեմային առնչվող մի շարք այլ հարցեր: