Բերքահավաքից հետո շատ ֆերմերներ այրում են բուսական մնացորդները՝ մտածելով որ դրանց այրումից հետո առաջացած մոխիրը պարարտանյութ կդառնա հողի համար:

Սակայն իրականությունը այլ է, և պետք է իմանալ շատ կարևոր մի քանի փաստ խոտածածկ տարածքները այրելու մասին.
- այրման ժամանակ ջերմաստիճանը հողի մակերեսին հասնում է 350C աստիճանի, իսկ հողի մակերեսից 3 սմ խորության վրա` մոտ 150C,
- այրվում է հողի հումուսային շերտը,
- այրվում են բուսական մնացորդները քայքայող և հողի բերրիությունը բարձրացնող միկրոօրգանիզմները,
- հողը դառնում է փոշիանման զանգված և քամու միջոցով տեղափոխվում է
- շարունակական այրման հետևանքով հողերի բերքատվությունը նվազում է 50-70%-ով
- աշնանը այրելուց հետո՝ արդեն գարնանը հողի վերին հարուստ շերտը ձնհալի ջրերի միջոցով լվացվում է և հայտնվում է գետերում և լճերում։ Այս մասին նշվում է Գյուղատնտեսական Գեղարքունիք ֆեյսբուքյան էջում։

Այս ամենի արդյունքում ունենում ենք ցածր բերիությամբ, հումուսով աղքատ և վատ որակի հողեր, որոնք էլ գյուղատնտեսության համար դառնում են ցածր եկամտաբերություն պատճառ:

Այրելու և հողի մակերեսին բուսական մնացորդներից կուտակման փոխարեն անհրաժեշտ է աշնանը հողը մշակել սկավառակային տափանով, որը նախատեսված է՝

- հողի և բուսական զանգվածի միախառնման համար
- բերքահավաքից հետո հողը ցանքին նախապատրաստելու և բուսական մնացորդները հողի տակ մտցնելու համար: