Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձն է: Այդ առթիվ Արցախում կկազմակերպվեն տոնական մի շարք միջոցառումներ:

1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվել է «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 99 տոկոսը քվեարկել է հօգուտ անկախության:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկազմակերպվի ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես, որի ժամանակ ներկայացվելու են նաև սեփական արտադրության նոր զինանմուշների ցուցադրությունը: Բացի դրանից, Վերածննդի հրապարակում բացազատվելու է դաշտային խոհանոց` մեր համերկրացիներին և հյուրերին հնարավորություն ընձեռելով համտեսելու զինվորական ճաշ:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում արցախյան համույթների, Շուշան Պետրոսյանի, Գևորգ Հաջիյանի, Գարիկ Պապոյանի, Սոնա Ռուբենյանի և «Մարաթուկ» ազգագրական երգի ու պարի համույթի մասնակցությամբ կկազմակերպվի տոնական համերգ: