Լեզվի կոմիտեն հորդորակ է տարածել «առթիվ» և «կապակցությամբ» բառերի գործածության մասին, այն նույնությամբ ներկայացնում ենք ստորև:

Վերջերս հաճախ բանավեճեր են լինում՝ «առթիվ» («առիթով») և «կա­­պակցությամբ» բառերի գործածության վերաբերյալ։ Ոմանք պնդում են, թե «առթիվ»-ն ունի դրական երանգ, և այն պետք է գործածել միայն ուրախ առիթների դեպքում՝ «կապակցությամբ»-ին վերագրելով հակառակ իմաստը։ Շատերն էլ ուրախ երանգներ են տեսնում «կապակցությամբ»-ի մեջ՝ «առթիվ»-ին վերապահելով տխուր առիթները։ Կա նաև երրորդ կարծիքը. երկու բառն էլ բոլոր դեպքերում կարելի է գործածել։

Հարցը քննենք՝ պարզելով, թե «առթիվ» և «կապակցությամբ» բառերն ի՛նչ իմաստով են գործածվել և գործածվում այժմ։ Բերենք օրինակներ.

«Լ․Ն․ Տոլստոյի մահվան առթիվ» (Հովհաննես Թումանյան)։

«Գոմի դռանը հավաքվել, գործն սկսելու առիթով արդեն օղու շիշ էին բացում» (Հրանտ Մաթևոսյան)։

«Ես ուզում էի ծննդյան օրվա առթիվ տուն հրավիրել» (Զորայր Խալափյան)։

Ինչպես նկատում ենք, հայ գրողները «առթիվ»-ի մեջ միայն ուրախ կամ միայն տխուր երանգ չեն տեսել։

Անդրադառնանք «կապակցությամբ» բառին (բառաձևին)։ Բերենք օրինակներ.

«Շատ ուշ՝ արդեն պատերազմից հետո, նրա մահվան կապակցությամբ իմացա...» (Աղասի Այվազյան)։

«Մայրս երբևէ չէր պատմել իմ ծննդյան կապակցությամբ հորս արած առատաձեռնության մասին» (Հենրիկ Սևան)։

«Մայիսի մեկին զանգ տվեց, հիմա էլ մամուլի օրվա կապակցությամբ զանգ կտա» (Վահագն Գրիգորյան):

Ակներև է, որ գրողները «կապակցությամբ»-ը գործածել են ինչպես ուրախ (կամ չեզոք), այնպես էլ տխուր առիթների դեպքում, այսինքն՝ բառը միայն դրական կամ միայն բացասական երանգ չունի։

Իսկ ի՞նչ են ասում բառարանները։

Ըստ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի»՝ «առթիվ»-ն ունի հետևյալ իմաստները՝ 1. վերաբերմամբ, նկատմամբ, մասին, 2. կապակ­ցությամբ, առնչությամբ։ Էդ. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում» այն բացա­տրված է այսպես՝ 1. մասին, վերաբերմամբ, կապակցությամբ, 2. պատճառով, համար, առիթով։

Երկու բառարանում էլ «առթիվ»-ի իմաստներից մեկը «կապակցությամբ»-ն է, և խոսք չկա նրանց իմաստային-ոճական տարբերակման մասին։

Ներկայացնենք «կապակցություն» բառի իմաստը (բառարանները «կապակցութ­յամբ» գլխաբառ չունեն. այն համարել են «կապակցություն» բառի սոսկ գործիական հոլովաձևը)։

«Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը» բացա­տրում է. 1. կապակցված՝ շաղկապված լինելը, 2. կապ, առնչություն, 3. հարաբերություն, 4. լծակցություն, կողակցություն, 5. նախադասության անդամների մտքի կապը նրանց որոշակի դասավորությամբ.... 6. առիթով (գործիական հոլովով կապական կիրառությամբ)։

Ակնհայտ է, որ բառարանային բացատրությամբ ևս այս բառերը չունեն ուրախության կամ տխրության որևէ երանգ։

«Առթիվ» / «առիթով» բառազույգի գործածության խնդիրներ հիմնականում չկան։ Ի դեպ, այստեղ գործ ունենք նույն «առիթ» բառի գործիական հոլովի հետ («առթիվ»-ը գրաբարյան ձև է)։ Հաճախ նախադասության մեջ երկուսն էլ կարող են գործածվել, ինչպես՝ «Կազմակերպվեց համերգ Հաղթանակի օրվա առթիվ (առիթով)»:

Ի՞նչ հետևության ենք հանգում։

«Առթիվ» («առիթով») և «կապակցությամբ» բառերը կարող են գործածվել և՛ ուրախ, և՛ տխուր հանգամանքներում, ինչպես շնորհավորանքի, այնպես էլ ցավակցության խոսք հղելիս (ասելիս)։ Նրանք չեն արտահայտում հեղինակի դրական կամ բացասական վերաբերմունք որևէ բանի նկատմամբ։

Նկատի ունենալով ասվածը՝

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

չսահմանափակել «առթիվ» և «կապակցությամբ» բառերի գործածության շրջանակը, նրանց չվերագրել մտացածին վերաբերմունքային երանգներ։