Սեպտեմբերի 14-ից Հայաստանի ազգային պատկերասրահը կներկայացնի Վոն Գուանյիի «Մարդաբանական հանրամատչելի ուսումնասիրություն» խորագրով ցուցահանդեսը: Այն շատ կարևոր մշակութային իրադարձություն է, որով թանգարանը նպատակ ունի ներկայանալու որպես արդի արվեստի հետազոտության դարբնոց՝ հարգանքի տուրք մատուցելով Չինաստանի ժամանակակից խոշորագույն արվեստագետներից մեկին:

Ցուցահանդեսի համադրողներ՝ Դեմետրիո Պապարոնի /Իտալացի արվեստի քննադատ/
Արման Ծատուրյան /Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն/

Վոն Գուանյին չինացի նկարիչ է: 1989թ-ից հետո Չինաստանում սկիզբ առած “Նյու արտ” ուղղության առաջնորդներից մեկն է:

Ապրում և ստեղծագործում է Պեկինում: Հայտնի է իր “Մեծ Քննադատություն” շարքի գործերով, որոնք ներկայացնում են Մշակութային հեղափոխության /1966-1976/ պրոպագանդան արտացոլող պատկերներ և արևմտյան գովազդներից վերցրած ժամանակակից բրենդների անվանումներ:

Վոն Գուանյին, ինչպես օրինակ Ֆան Լիցզյունը, դարձել է միլիոնատեր` Չինաստանի “նորահարուստներից” (“nouveau riche”) մեկը: Չինաստանում այդպիսի գեղանկարիչներին` իրենց ընդարձակ արվեստանոցներով, թանկարժեք տներով ու մեքենաներով, անվանում են bopu dashi կամ պոպ վարպետներ:

Վոն Գուանյիի վաղ աշխատանքներում կրկնվում է Հյուսիսային բևեռի թեման: Դա պայմանավորված չէ աշխարհագրական առանձնահատկություններով, այն խորհրդանշական վայր է, որտեղ ծնունդ է առել մի նոր հավատք և որտեղ անհատը սկզբունքորեն պետք է գործ ունենա ինքն իր հետ` առանց իրեն շրջապատից կտրելու:

Վոն Գուանյիի նպատակն էր մշակել դասական արվեստից շեղված մի ոճ, ստեղծել արտահայտման մի ռազմավարություն, որը բխում էր այն ամենից, ինչ կարդացել էր Գոմբրիխի աշխատություններում:

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում, Հոնկոնգում, Շվեյցարիայում, Սինգապուրում, Կորեայում, Չինաստանում և Մեծ Բրիտանիայում։