Եվրոպայի 2020թ. առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Հանրապետական մարզադաշտում 1:3 հաշվով պարտություն կրեց Իտալիայի ընտրանուց:

Հանդիպման հաշիվը բացվեց 11-րդ րոպեին: Հայաստանի ընտրանու կազմակերպած արագ հակագրոհը դիպուկ հարվածով եզրափակեց Ալեքսանդր Կարապետյանը: Գոլից հետո իտալացիները տիրեցին խաղային նախաձեռնությանը և 28-րդ րոպեին կարողացան խփել պատասխան գնդակը, աչքի ընկավ Անդրեա Բելոտին: Առաջին խաղակեսի հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած առաջին րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Ալեքսանդր Կարապետյանը: Գլխավոր մրցավարը արմունկով հարված էր նկատել Կարապետյանի կողմից Լեոնարդո Բոնուչիի դեմ պայքարում, սակայն կրկնապատկերի ժամանակ ձեռքով հպում Բոնուչիի դեմքին չերևաց:

Չնայած որ երկրորդ խաղակեսը Արմեն Գյուլբուդաղյանցի սաները սկսեցին 10 հոգով, այնուամենայնիվ նրանք կարողացան մի քանի սուր գրոհներ կազմակերպել, որոնք, սակայն գոլով չավարտվեցին: Գրոհները հիմնականում Կամո Հովհաննիսյանի արագացումների և անցումների շնորհիվ էին: Ի տարբերություն մեր ընտրանու՝ իտալացիների գրոհները հաջողությամբ ավարտվեցին: 77-րդ րոպեին նախ Լորենցո Պելեգրինին հաշիվը դարձրեց 2:1, ապա Անդրեա Բելոտին խփեց հյուրերի երրորդ գնդակը՝ դառնալով դուբլի հեղինակ և ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:

Այս պարտությունից հետո Հայաստանի ազգային ընտրանին 6 միավորով շարունակում է մնալ J խմբի 3-րդ հորիզոնականում, սակայն մի քանի ժամ անց նրան կարող են շրջանցել Բոսնիա և Հերցեգովինան ու Հունաստանը, որոնք մրցելու են համապատասխանաբար Լիխտենշտայնի և Ֆինլանդիայի հետ: 5 խաղում նույնքան հաղթանակ տանելուց հետո խմբի մրցաշարային աղյուսակը 15 միավորով միանձնյա գլխավորում է Իտալիան:

Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 8-ին կրկին Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Բոսնիա և Հերցեգովինային: