Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ հարցազրույց է վարել News.am-ը։

Ընդհանուր առմամբ գնահատելով իրավիճակը շփման գծում նախարարը նշել է․

- Ոչ պատերազմի, ոչ խաղաղության, ոչ կայունության, ոչ լարվածութան վիճակ է։ Այս նույն իրավիճակը տիրում էր 2017 թ․-ին։ Չնայած նախօրեին կայացել է ԵԱՀԿ դիտարկումը, որի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել, սակայն ԵԱՀԿ ներկայացուցիչների հեռանալուց անմիջապես հետո հակառակորդը սկսել է կրակել։ Այդ պահվածքը բնորոշ է Ադրբեջանին, որի մասին ես բազմիցս հայտնել եմ անձամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին։ Եղել են դեպքեր, երբ դեսպանը շփման գծի ճանապարհին էր, երբ հրադադարի խախտումներ են եղել։

Անջեյ Կասպրշիկի անձնակազմի ընդլայնման մասին հայտնել է իր կարծիքը․

- Իհարկե, որոշակի առումով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման անհրաժեշտություն կա։ Բայց այդ հարցում խոսքը ոչ այնքան անձնակազմի թվաքանակի ընդլայման մասին է, որքան վստահության մթնոլորտ ստեղծելուն ուղղված Բաքվի կամքի դրսևորման։ Մեր կողմից վստահության մթնոլորտի ստեղծման, լարվածության նվազման կամք միշտ է դրսևորվել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ստեփանակերտ այցի ընթացքում մենք ներկայացրել ենք տեսադիտարկման մեր համակարգի հնարավորությունները և ռեժիմի իրական խախտողի մասին տեղեկությունները։ Մենք նախկինում էլ միշտ պատրաստակամություն ենք հայտնել աջակցել միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը։

Երկու կողմերի միջև ուղիղ շփում ապահովելու հարցին անդրադառնալով պրն Մնացականյանն ասել է․

- Մենք պատրաստ ենք ուղիղ շփվել հակառակորդի ներկայացուցիչների հետ, սակայն մյուս կողմը պատրաստ չէ։ Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումները կրում են մշտական բնույթ։ Հաճախ են դեպքերը, երբ ԵԱՀԿ դիտարկումների ընթացքում ադրբեջանական կողմը խմբին դուրս չի բերել վաղօրոք նախանշված վայր՝ վկայակոչելով այս կամ այն հորինված պատճառը։ Դա վկայում են նաև դիտորդները, սակայն դիտարկման ընթացքում տրվող երաշխիքները զսպող գործոն չեն կարող հանդիսանալ։ Եղել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր հենց դիտարկումների ժամանակ, նույնիսկ մեր կողմից զինծառայողի վիրավորման ցավալի փաստ։

Ադրբեջանի կողմից մեծ քանակով սպառազինության ձեռք բերման հարցին նույնպես անդրադարձել է, նշելով․

- Մի առիթով ասել եմ, որ իսկապես Ադրբեջանը ահռելի գումարներ է ծախսում սպառազինություններ գնելու վրա։ Սակայն գործնականում իրողությունն այլ է, քան դա փորձում է ներկայացնել Բաքուն։ Ադրբեջանը սպառազինություն է գնում ոչ այն քանակությամբ, ինչ փորձում է ներկայացնել։

2016 ապրիլյան ագրեսիայից հետո կատարված վերլուծությունների և եզրակացությունների մասին նշել է․

- Յուրաքանչյուր միջադեպից հետո մանրամասն վերլուծություն է կատարվում, կատարվել է նաև 2016-ին։ Ուսումնասիրվել ու վերլուծվել են բոլոր գործողություններն ու իրադարձությունները, արվել են եզրակացություններ, դրանց արդյունքում անցկացվել ու շարունակում է անցկացվել հսկայական աշխատանք։ Շեշտը դրվել է առաջնագծի սարքավորումներով հագեցման, մարտական հերթապահության պայմանների բարելավման, առաջնագծում զինծառայողների անվտանգության բարձրացման, տեսադիտարկման համակարգի կատարելագործման վրա։ Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, որ Բաքուն զենքը գնում է Ռուսաստանից, դա խնդիր չէ, քանի որ նա դա կարող է գնումներ անել յուրաքանչյուր երկրից, օրինակ Թուրքիայից։

Եկենք հիշենք մի կարևոր փաստ՝ 1992 թ․-ին մենք հրաշալի կատարեցինք մեր խնդիրը, և հրադադարի ռեժիմը մինչ օրս պահպանվում է հենց զենքի ուժի շնորհիվ։ Վստահ եմ, որ այսուհետ ևս Զինված ուժերը, չնայած Բաքվի զանազան գնումներին, պատվով կկատարեն իրենց առջև դրված խնդիրները։

Ադրբեջանի քարոզչական աշխատանքի մասին հարցին անդրադառնալով նախարարը հստակեցրել է․

- Քարոզչությունը մեծ նշանակություն ունի, բայց անհրաժեշտ է հիշել, որ գոյություն ունի երկու ուղղություն՝ իրական քարոզչություն և ապատեղեկատվություն։ Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում ապատեղեկատվություն տարածելու համար, և բոլորը հասկանում են դա։ Կան գործիչներ, այդ թվում օտարերկրացի, որոնք փորձում են աջակցել Բաքվին այդ գործում։ Բայց ես այդ մարդկանց նույնիսկ չէի անվանի Ադրբեջանի կողմնակիցներ կամ բարեկամներ, այդ գործընթացը նրանց համար միայն բիզնես է։ Մեր կողմից քարոզչություն վարվում է, և այն հիմնված է փաստերի ու պատմության վրա, ընդ որում օգտագործվում է ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան պատմական աղբյուրներ։

Վերջերս Ադրբեջանի նախագահի հնչեցրած «կվերադառնամ Երևան» հայտարարությունը հերթական խաղ համարելով նախարարը մեկնաբանել է․

- Նրանք ժամանակին ուզում էին թեյ խմել Շուշիում և իրենց դրոշը բարձրացնել Ստեփանակերտում։ Նման հայտարարությունները ներքին լսարանի համար են։ Ադրբեջանում շուտով ընտրություններ են և եթե Ալիևի իշխանության համար ամեն բան լավ է ու հանգիստ, ինչո՞ւ անհրաժեշտ եղավ փոխել ընտրությունների ամսաթիվը։

- Մեր երկիրը ուժեղ և կայուն հողին ամուր կանգնած մարտիկների ծննդավայր է։ Այժմ էլ երիտասարդ հայորդիները մեծ ցանկությամբ են բռնում ռազմական ուղին։ Սպաների հիմնական դարբնոցը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն է։ Ընթացքում է «Պատիվ ունեմ» ծրագիրը և արդեն կան շատերը, որոնք ուզում են մասնակցել այդ ծրագրին և բուհն ավարտելուց հետո նրանք որպես սպա ծառայության կանցնեն Արցախի զինված ուժերում։