Ըստ ադրբեջանական «Գյունունսեսի» լրատվակայքի՝ Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղում ազգությամբ հայ ամուսինները արել են լուսանկարներ, ինչը գրավել է գյուղացիների ուշադրությունը, ապա ամուսինները ձերբակալվել են։

Նշվում է, որ ամուսինները երկիր էին այցելել որպես զբոսաշրջիկ և հանգրվանել Գյանջա քաղաքում։ Դեպքի մասին պաշտոնական հայտարարություն չկա։

Ադրբեջանական մեկ այլ լրատվամիջոց հայտնել է նաև ամուսիններից մեկի անունը՝ «Զաքարյան Մարգարիսա Գրանովուն», ինչը հարցեր է առաջացնում։

Նախ՝ նման անունով անձինք բաց աղբյուրներում չեն գտնվում, ինչից կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը կամ միտումնավոր է աղավաղել անունը, կամ, հաշվի առնելով ադրբեջաներենի որոշ առանձնահատկություններ, անունը լրատվական կայքին կարող է հասած լինել «փչացած հեռախոսի» սկզբունքով։

Հարց է առաջանում նաև, թե հայկական ազգանունով մարդը ինչպե՞ս էր ընդհանրապես հատել ադրբեջանական սահմանը, քանի որ Ադրբեջանում ընդունված պրակտիկա է երկիր չթողնել հայկական արմատներով անձանց՝ անկախ քաղաքացիությունից։