ՊՎԾ պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է, որ պատրաստվում է իր դեմ հարուցված գործով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել:

Սանասարյանը հայտնել է, որ շուտով հանդես կգա ասուլիսով և հայտարարել, որ «նույնիսկ քրեական գործի նյութերում որևէ նման տվյալ այդ թվում օպերատիվ տվյալներ առկա չեն»: Ֆեյսբուքյան գրառմանը կից՝ Սանասարյանը հրապարակել է ԱԱԾ քննչական մարմնի հանձնարարությամբ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքները։

2018թ-ի փետրվարի 26-ին Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ աշխատակից Գևորգ Խաչատրյանը ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին միջամտության կասկածանքով: Այս գործի շրջանակում՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք էր առաջադրվել նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին:

Նշենք, որ այս պահին Սանասարյանի լիազորությունները դադարեցված են, գործը քննվում է ԱԱԾ-ում: