ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատարը կասկածվում է վատնման մեջ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կասկածվում է լիազորությունները չարաշահելու ու գումարներ վատնելու մեջ։
Ըստ իրավապահների տեղեկությունների, Հայրապետյանը, չարաշահելով իր պաշտոնական լիազորությունները և խախտելով աշխատանքային օրենսգրքի ու բուհի կանոնադարության պահանջները՝ իր մտերմներին տրամադրել է չնախատեսված ամենամյա վճարովի արձակուրդներ, միանվագ դրամական պարգևատրումներ, և լրավարձեր, ինչի հետևանքով վատնվել են խոշոր չափերի գումարներ:
Վնասի չափը ճշտվում է, ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում կասկածները ծիծաղելի է որակել։
«Ոստիկանությանը լուրջ դեմքով «օպերատիվ տեղեկություններ» են փոխանցել, որ աշխատակիցներից մեկը (օրինակ, մինչև ուշ գիշեր աշխատող լաբորանտը) 100 հազար դրամի չափով պարգևատրում է ստացել, բայց դա իրենց կարծիքով խախտում է, մյուսը արձակուրդ է գնացել, բայց դա կրկին իրենց կարծիքով արգելվում էր, և այս մակարդակի 4-5 դեպք: Պատկերացնո՞ւմ եք մանրության աստիճանը: Հետո այս ամենը խուճապահար հանձնել են մամուլին, միայն թե այս փուլում բացասական լուրեր շրջանառվեն, քանի դեռ չի բացահայտվել թեմայի ամբողջ ցնորքը: Սա է իրենց բացահայտած «ֆինանսական խախտումները». երիցս ապացուցում են հանրությանը, թե ինչ աստիճանի արդար ենք աշխատել» , - գրել է նա: