Քաղաքական, հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը տեղեկացրել է՝ սեպտեմբերի 14-ին ժամը 18։30-ից սկսած տարբեր ուղղություններով քայլերթ են իրականացնելու ի պաշտպանություն Ամուլսարի։

«Մենք դա պարտավոր ենք անել, մենք պատասխանտու են մեր երկրում յուրաքանչյուր որոշման համար», - ասել է Անահիտ Բախշյանը։

Նա հիշեցրել է․

«Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսի մասին, ընդգծել է, որ պետք է տեր կանգնել երկրի անվտանգությանը, բնությանը։

«Վաղը գնում ենք երթի՝ ի պաշտպանություն Ամուլսարի», - նշել է նա։

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունից էլ հայտնում են, որ շաբաթ օրը` սեպտեմբերի 14-ին, 18:30-ին, նախաձեռնությունը մայրաքաղաքում միաժամանակ մի քանի ուղղություններով կիրականացնի քայլերթ` ի պաշտպանություն Ամուլսարի:

Երթին Ջերմուկից ավտոշարասյունով միանալու են նաև հենց Սարի պահապանները: Երթը կեզրափակվի Ազատության հրապարակում` 20:00-ին:

Նախաձեռնած երեք երթուղիներն են՝

Երթուղի-1 / 18:30 - Սկզբնակետը՝ Զորավար Անդրանիկի Արձանի առաջ՝ Տիգրան Մեծ փողոց։ -Հանրապետության Հրապարակ-Աբովյան Փողոց-Հյուսիսային Պողոտա-Ազատության Հրապարակ
Երթուղի-2 / 18:30 - Սկզբնակետը՝ Բաղրամյան Մետրոյի հարակից տարածք։ -Բաղրամյան փողոց-Ֆրանսիական հրապարակ-Սայաթ-Նովա փողոց - Ազատության Հրապարակ
Երթուղի-3 / 18:30 - Սկզբնակետը՝ Քաղաքապետարանի հարակից տարածք։ -Գ. Լուսավորիչ փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության Հրապարակ։

«Պահանջը հստակ է՝ Ամուլսարն առանց հանքի», - նշում են նախաձեռնությունից։