Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած կենդանիների նկատմամբ բռնությունը քրեականացնող օրինագիծը խորհրդարանը ընդունեց. Կողմ են քվեարկել 74 պատգամավոր, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 17։ Պատգամավորները փոփոխություններ էին արել Քրեական և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում, այս մասին հայտնում է Aysor.am-ը։

Այսպիսով, նոր օրինագծով առաջարկվում է ՔՕ-ում լրացում կատարել և ավելացնել հոդված՝ «Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը» անվանումով։ Արդյունքում տնային և անտուն կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի (խեղելու, մասնատելու, թունավորելու, փորձարկելու, ողջ վիճակում անդամահատումը, մաշկահանումը, կենդանուն բարձրությունից նետելը, մարտերի կազմակերպումն ու անցկացումը) համար սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատիկի չափով կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով կամ՝ ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով։

Իսկ նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ու առանձնակի դաժանությամբ, պատժվում է նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 տարի ժամկետով։

Օրինագծերով սահմանվում են նաև տնային կենդանիները։ Դրանք տնային պայմաններում պահվող կենդանիներն են։ Իսկ անտուն են այն կենդանիները, որոնք վայրի չեն և չունեն տնօրինող ու տիրապետող։