Ավելի քան տաս տարի հայ-ֆրանսիական արշավախմբերը Էրեբունի ամրոցի տարածքում պեղումներ են իրականացնում։ Այս տարվա պեղումների արդյունքում բացահայտվել է ամրոց տանող նոր մուտքը։ Պեղվել են նոր տաճարի հիմքերը, տաճարի առջև խճածածկ հատակը, իսկ 1960-ականների պեղումների ժամանակ հայտնաբերված «կրակի տաճար» համարվող շինությունը գտնվում է ուսումնասիրության փուլում։

«Այս պեղումները գալիս են լրացնելու մեր շատ պատկերացումներ, որոնք վերաբերում են հնագույն և հին Հայաստանի պատմությանը, մշակույթին։ Այս պեղումները կարևոր են ոչ միայն Հայաստանի պատմության և հնագիտության ուսումնասիրության համար, այլև Մերձավոր Արևելքի», - ասել է Միքայել Բադալյանը։

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթի խոսքով, հնագիտությունը Ֆրանսիայի առաջնային ոլորտներից է եղել դեռ Բոնապարտի ժամանակներից և միշտ ներկա է արտաքին համագործակցության մեջ։

Էրեբունի հնագիտական թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն իր խոսքում նշեց, որ այս տարի արշավախմբի գաղափարախոսությունն ու համագործակցության սկզբունքը փոխվել է։ Նախորդ տարիներին բացառապես ֆրանսիական կողմն է ֆինանսավորել արշավախմբի աշխատանքները։ Այս տարի թանգարանը ֆինանսական որոշակի ներդրում է իրականացրել, իսկ հաջորդ տարի այնքան գումար է ներդնելու, որ իրապես լինի հայ-ֆրանսիական արշավախումբ, հավասար հիմունքներով, հավասարը հավասարի պես։