«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում, գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին:

Առուստամյանը մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, հարկերից չարամտորեն խուսափելու գործընթաց կազմակերպելու և այդ գործընթացին օժանդակելու համար: Միջնորդություն է ներկայացվել դատարան Առուստամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

2016-ին Առուստամյանը հանդիսացել է «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր: Ընկերությունը, որպես ենթակապալառու, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների հետ միասին իրականացրել է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն և խուսափել առանձնապես խոշոր չափերի հարկերից:

«Սթոնս» ՍՊ ընկերությանը անհիմն կատարվել են 1.167.409.328,31 դրամի փոխանցումներ և առաջացող հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով այդ տվյալները ներառել են ՊԵԿ ներկայացվող ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվությունում և ԱԱՀ-ի հաշվարկներում, ինչի հետևանքով ընկերության հայաստանյան մասնաճյուղը խուսափել է առանձնապես խոշոր չափերի՝ 240.321.559 ՀՀ դրամի չափով հարկեր վճարելուց՝ պետությանը պատճառելով նույն գումարի չափով առանձնապես խոշոր չափի վնաս, որը հաշվարկված տույժ-տուգանքների հետ միասին ընդհանուր կազմում է 2.733.171.489 ՀՀ դրամ:

Սեդրակ Առուստամյանն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանի հայրն է, Գագիկ Ծառուկյանի մտերիմը: