«Ժողովուրդ» թերթը հայտնում է, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վարչական վարույթ է սկսել 10-ից ավել դատավորների դեմ: Նախարարությունը չի նշում, թե կոնկրետ որ դատավորների մասին է խոսքը, սակայն, աղբյուրի հաղորդմամբ՝ նրանցից երկուսի գործն արդեն Բարձրագույն դատական խորհրդում է: Ընդ որում՝ այդ դատավորներից մեկը համաձայն չէ մեղադրանքին:

Նիկոլ Փաշինյանն մայիսին հայտարարել էր դատավորներին «վեթինգի» ենթարկելու մասին: Այսինքն, որ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Վարչապետը նշել էր, որ անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար:

Հունիսին Արդարադատության նախարարը հայտարարել էր, որ վեթինգ կլինի, սակայն հայեցակարգային մոտեցումները նախանշելուց հետո միայն: