Թուրքիայի ուժայինները գործողություն են սկսում Դիարբեքիրում՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ։ Փետրվարի 14-ին այս մասին հատարարել է հարավարաևելյան նահանգի նահանգապետարանը:

Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ավելի ակտիվ գործողություններ են ծավալվելու նահանգի Քուլփ, Սիլվան, Հազրո, Լիջե գավառների լեռնային և անտառային հատվածներում: Նահանգապետարանը «անվտանգության նկատառումներից ելնելով» նահանգում մի շարք բնակավայրերում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարել:

Նշենք, որ Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների բախումները որոշակի հարաբերական դադարից հետո վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից: Արդեն 2,5 տարի շարունակվող բախումներում երկու կողմերն էլ ունեն մեծ կորուստներ:

Դիարբեքիր նահանգը թուրք-քրդական բախումների առավել ակտիվ կենտրոններից մեկն է: Ուժայինները այստեղ հաճախ են գործողություններ իրականացնում PKK-ի դեմ: Բախումների հետևանքով նահանգը մեծ նյութական վնասներ է կրել, քաղաքների և բնակավայրերի մի մասը ավերակների է վերածվել: