Ազգային ժողովում քննարկվում է «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև՝ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը նշեց, որ համաձայնագիրը ստորագրվել է Երևանում 2017 թվականի հոկտեմբերի 24-ին:

«Նպատակը՝ 2013 թվականի հունվարի 17-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի և 2013 թվականի հունիս 25-ին ՀՀ և ՌԴ զինված ուժերի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի իրականացման շրջանակներում ՀՀ-ի զինված ուժերի սպառազինման ապահովումն է: Ըստ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի՝ կողմերի պատասխանատու լիազորված մարմիններն են՝ հայկական կողմից՝ Հայաստանի Ֆինանսների և Պաշտպանության նախարարությունները, իսկ ՌԴ-ի կողմից՝ ՌԴ-ի Ֆինանսների նախարարությունը և Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը:

Համաձայնագրով՝ ՌԴ-ն ՀՀ-ի կառավարությանը տրամադրում է մինչև 100 միլիոն ԱՄՆ դոլարի չափով պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար»,- նշեց Ա. Զաքարյանը: