«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» նոր ծրագրի շրջանակում 2017թ․-ի չորրորդ եռամսյակում տրամադրվել է 913 միավոր վարկ 4241.6 մլն դրամ գումարի չափով: Մեկ վարկի միջին չափը կազմել է 4.65 մլն դրամ: Այս տվյալները հրապարակել է ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Գյուղատնտեսական վարկեր ստանալու նպատակով Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից հնարավոր շահառուների համար կազմակերպվել է վարկերի հավաստագրման 224 դասընթաց (5562 մասնակից), տրամադրվել է 5326 հավաստագիր:

2018թ․-ին ծրագրի շրջանակներում նախատեսված է տրամադրել 9.4 մլրդ դրամի վարկեր` թվով շուրջ 2100 շահառուների: Տոկոսադրույքների սուբսիդավորմանը ՀՀ պետական բյուջեից կուղղվի 2 030.8 մլն դրամ:

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նոր ծրագիրը ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 2017թ․-ի սեպտեմբերի 14-ին:

Նոր ծրագրով վերանայվել են վարկերի տրամադրման պայմանները: Վարկերը տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի սահմաններում մինչև 5 տարի մարման ժամկետով` ելնելով ներդրումների ուղղվածությունից: Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի և գյուղատնտեսական կոոպերատիվների համար վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տնտեսավարողներին տրամադրվեն 3%, իսկ մնացած համայնքների համար 5% տոկոսադրույքով: Վարկի տրամադրման նախապայման է համարվում Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից ուսուցման արդյունքում տնտեսավարողներին տրամադրված հավաստագիրը:

Ծրագրի մեկնարկից առաջ եռակողմ հուշագրեր են ստորագրվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի և մի շարք ֆինանսակաան կազմակերպությունների՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի, «ՔԱՐԴ Ագրո-Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի, «ՖԱՐՄ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ի, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի, «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջև: