Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի վարույթում քննվող «Սասնա ծռեր-3» գործով այսօրվա դատական նիստում սկսվեց մեղադրական եզրակացության հրապարակումը, որի ժամանակ ամբաստանյալները լքեցին նիստերի դահլիճը։ Այս քրեական գործով ամբաստանյալները 11-ն են։

Փաստինֆոյի հաղորդմամբ՝ ամիսներ տևած նախապատրաստական փուլից հետո, ի վերջո, դատարանն անցում է կատարել դատաքննությանը, և դատախազն այսօր սկսեց ներկայացնել մեղադրանքը, թե 11 ամբաստանյալներից յուրաքանչյուրին ինչ մեղադրանք է առաջադրվել և ինչի համար, ինչն առաջացրեց ամբաստանյալների վրդովմունքը։

«Մենք չենք ուզում մնալ և լսել նույն կեղծ մեղադրանքները։ Մենք հանցագործ չենք, ինչպես ներկայացվում է, և պետության դեմ այստեղ որևէ մեկը գործ չի կատարել», – հայտարարեց ամբաստանյալներից Արամ Հակոբյանը։

Իսկ ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանն էլ ոտքի կանգնեց՝ ցանկանալով լքել նիստերի դահլիճը՝ հայտարարելով. «Չեմ կարա մնամ էդ կլյաուզնիկ բաներին: Սանկցիա կիրառեք»:
Նախագահող դատավորը հեռացրեց նրան նիստերի դահլիճից, ինչից հետո միջնորդություն ներկայացվեց, որպեսզի մեղադրական եզրակացության հրապարակումը շարունակվի առանց ամբաստանյալների։ Փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ ամբաստանյալները լիազորել են եզրափակիչ մաս, որպես բացառություն, իրենց բացակայությամբ հրապարակել:

Մեղադրող դատախազն առարկեց, սակայն դատարանը բավարարեց միջնորդությունը։