Փետրվարի 19-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց ՀՀ քննչական կոմիտեի քննիչների թեկնածությունների 2018 թվականի ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը: Առաջին դասից առաջ Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց խմբում ընդգրկված 27 թեկնածուներին, շնորհավորեց Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ և հաջող ուսումնառություն մաղթեց:

«Շատ բարդ ընտրություն եք կատարել: Մասնագիտությունը, որը ուզում եք ձեռք բերել, ոչ միայն պատվաբեր է, այլև կապված է լուրջ պատասխանատվության հետ: Այսօր ոչ բոլորն են քննիչի մասնագիտությունն ընտրում, ողջունում եմ ձեր ընտրությունը և հուսով եմ՝ քանի հոգի ընդունվել է, այնքանն էլ ավարտելու է»,-նշեց ռեկտորը և ներկայացրեց Ակադեմիայում մասնագիտական պատրաստման առանձնահատկությունները:

Տեղեկացնենք, որ ուսումնական գործընթացին առնչվող հարցերի քննարկման նպատակով Ակադեմիայում պարբերաբար հանդիպումներ են անցկացվում, որի ընթացքում ունկնդիրներն իրենց հուզող հարցերով դիմում են ռեկտորին:

Քննիչի թեկնածուների առաջին խմբի դասընթացների ընդհանուր ժամաքանակը 250 ակադեմիական ժամ է, ևս 18 ակադեմիական ժամ՝ քննաշրջանի համար: Ուսումնառության ընդհանուր տևողությունը ուսուցման ծրագրով սահմանված է 7 և կես ամիս՝ 2018 թվականի փետրվարի 19-ից սեպտեմբերի 25-ը (ներառյալ 3 ամիս տևողությամբ փորձաշրջանը):

Ուսումնական գործընթացը մեկնարկեց «Քրեական գործերով ՄԻԵԴ իրավական դիրքորոշումների կիրառման արդի հարցեր» դասընթացով: Ունկնդիրներին տրամադրվեցին ուսումնական համապատասխան նյութեր, մասնագիտական գրքեր, որոնք անհրաժեշտ կլինեն ուսումնառության ընթացքում: