7 կիսամյակ արտասահմանյան գրականություն անցնելը բավականին շատ է Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողների համար:

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ անդրադառնալով Ռոմանագերմանական ֆակուլտետում արտասահմանյան գրականության ժամերի կրճատմանը: Ռեկտորի խոսքով՝ իրենց նպատակն այն է, որ ֆակուլտետն ավարտած լեզվաբանը լավ տիրապետի նաև 2-րդ լեզվին:

«1-3 կիսամյակ կարող ենք կրճատել, բայց դրա փոխարեն ցանկանում ենք, որ 2-րդ օտար լեզվին մեր ուսանողները հավասարաչափ տիրապետեն, այսինքն՝ ավարտեն ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը 2 օտար լեզվի իմացության բարձր մակարդակով»,- ասաց նա:

«Ժամաքանակի կրճատումը չի անդրադառնալու դասախոսական կազմի վրա, քանի որ այնտեղ ժամերը շատ են՝ 1.5 դրույքով աշխատող դասախոսներ էլ կան, մեկ քառորդ, կես և այլն: 1 դրույքով մենք պահելու ենք այդ մարդկանց աշխատավարձերը, եթե հնարավորություն եղավ՝ նաև ավելի»,- ընդգծեց Արամ Սիմոնյանը:

ԵՊՀ ռեկտորն ավելացրեց. «Դա ոլորտին չի վնասի, ավելորդ վախեր են, որովհետև գրականության ժամերը մենք ավելացնելու ենք, օրինակ, պատմության ֆակուլտետում, թարգմանչականում և այլն: Կրճատում ենք խոհեմության սահմաններում»,- շարունակեց Սիմոնյանը:

ԵՊՀ ռեկտորին զարմացնում է այն հանգամանքը, որ այս հարցն աղմուկ է բարձրացրել: Նա շեշտեց, որ նման փոփոխություններ արվում են ամեն անգամ, երբ անհրաժեշտություն կա շուկային համապատասխան մասնագետ տրամադրելու: Սիմոնյանը վստահ է՝ փոփոխություններն արվում են ուսանողի շահերից ելնելով:

Ինչ վերաբերում է փոփոխությունների հետ կապված դժգոհություններին, ռեկտորն ասաց. «Ես հասկանում եմ, որ կան դասախոսներ, ում սա կարող է դուր չգալ: Բայց մենք դեռևս որևէ որոշում չենք ընդունել, վերջնական որոշումը չկա՝ կրճատել, չկրճատել, ավելացնելու հետ կապված: Վերջնական որոշում կլինի ապրիլի վերջին, այսօրվա հետ որևէ կապ չունի»,- եզրափակեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: