ՀՀ ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանն այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Կրթության զարգացման ծրագիր 2030թ. խնդիրների լուծման հստակ ճանապա՞րհ, թե՞ զուտ խոստումներ» թեմայով քննարկման ժամանակ ներկայացրեց ծրագրի նպատակն ու հիմնական թիրախները։

«Ծրագիրը կազմելու ժամանակ խնդիր է եղել՝ հստակեցնել ապագա համակարգը կամ հեռանկարը, որ ուզում ենք տեսնել 2030թ.։ Ծրագիրը պետք է միտված լինի այն կրթությանը, որը մեզ պետք է։ Այս ծրագրին նպատակը պետք է լինի հասարակական և տնտեսական պահանջներին համապատասխան համակարգի ձևավորումը»,- պարզաբանեց նա։

Ռոբերտ Ստեփանյանի խոսքով՝ ծրագրի հիմքում դրված է 3 հիմնական սկզբունք՝ կրթության որակ, մատչելիություն և արդյունավետություն. «Կրթության որակը սահմանվեց՝ որպես գերակա խնդիր։ Մատչելիության առումով հիմնական մոտեցումն է՝ ապահովելով մատչելիությունը՝ անցում կատարել ներառականության։ Միջոցների սղության պարագայում արդյունավետությունը հրատապ խնդիր է մեզ համար»։

Ծրագիրը, ըստ բանախոսի՝ ունի 5 թիրախ. հանրակրթության, նախադպրոցական, մասնագիտական ոլորտներ, դաստիարակության խնդիր և ներառական կրթության զարգացման խնդիր։

Շարունակելով իր խոսքն ասաց․ «Նախորդ երկու ծրագրերի փորձը ցույց տվեց, որ ծավալուն ծրագրերը չեն կարդացվում։ Պետք է հասկանանք, թե ինչ կրթական համակարգ ենք ուզում ունենալ, հետո որոշենք, թե որ ուղղություններով ենք գնալու»։

Քննարկման մյուս բանախոսի՝ Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանի այն դիտարկմանը, թե գուցե իմաստ ունի օրենսդրական դաշտի փոփոխություններ իրականացնել, որ այս ռազմավարությունը չլինի օրենք, այլ լինի կառավարության կողմից հաստատվող փաստաթուղթ, Ռոբերտ Ստեփանյանը պատասխանեց, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ ծրագիրը պետք է հաստատվի ԱԺ-ում և օրենքի ուժ ստանա։