ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խմբի կողմից իրականացված գիտական ուսումնասիրությունը, որը վերաբերում է գենիստե՝ խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի հետազոտությանը, արժանացել է «Antiviral Research» հեղինակավոր գիտական ամսագրի ուշադրությանը:

Այս մասին 168.am-ի լրագրողը զրուցել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խմբի ղեկավար, կ.գ.թ., Հովակիմ Զաքարյանի հետ, ով պատմել է իրենց կողմից իրականացված գիտական հետազոտության և դրա արդյունքների մասին.

«Գոյություն ունի մի վիրուս, որը վարակում է վայրի և տնային խոզերին և կոչվում է խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուս: Վարակված կենդանիները մահանում են մի քանի օրվա ընթացքում: Չնայած անունը հուշում է, որ վիրուսը տարածված է Աֆրիկայում, սակայն 2007թ․-ից այն հանդիպում է նաև Հայաստանում: Ի դեպ, 10 տարի առաջ գրանցված համաճարակների պատճառով խոզերի գլխաքանակը մեր երկրում նվազեց շուրջ 2 անգամ, և դրա պատճառով գյուղատնտեսությունը մեծ վնասներ կրեց:

Վիրուսի դեմ որևէ պատվաստանյութ գոյություն չունի, հետևաբար՝ կանխել վարակի տարածումը կենդանիների պատվաստման միջոցով՝ անհնար է: Մեր խումբը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում ուսումնասիրում է տարբեր քիմիական միացությունների հակավիրուսային ազդեցությունը` նշված վիրուսի վրա: Մեր նպատակն է՝ գտնել այնպիսի նյութեր, որոնք կճնշեն վիրուսի բազմացումը վարակված բջիջներում:

Մենք արդեն հայտնաբերել ենք քիմիական միացությունների մի ամբողջ խումբ, որոնք բավական արդյունավետ կերպով ճնշում են վիրուսի բազմացումը: Մեր վերջին աշխատանքը նվիրված էր հենց այդ միացություններից մեկին, որ բուսական ծագում ունի: Այն ֆլավոնոիդ է, անունը՝ գենիստեին: Մենք ցույց ենք տվել, որ այս միացությունը փոխազդում և խափանում է վիրուսի կարևորագույն սպիտակուցներից մեկի՝ տոպոիզոմերազ ֆերմենտի ակտիվությունը:

Այս ֆերմենտն անհրաժեշտ է վիրուսային ԴՆԹ-ի կրկնապատկման համար, հետևաբար, երբ խափանվում է դրա աշխատանքը, ապա ճնշվում է նաև վիրուսային ԴՆԹ-ի կրկնապատկումը, և վիրուսային նոր մասնիկներ չեն առաջանում վարակված բջիջներում:

Այս ամենը մենք ցույց ենք տվել մեր նոր՝ «Գենիստեինը ճնշում է խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսը՝ խափանելով վիրուսային ԴՆԹ-ի սինթեզը» («Genistein inhibits African swine fever virus replication in vitro by disrupting viral DNA synthesis») գիտական աշխատանքում, որը լայն համագործակցության արդյունք է:

Այսօր մեր հոդվածն ընդունվել է տպագրության գիտական ոլորտի հեղինակավոր համարում ունեցող «Antiviral Research» ամսագրում, ինչը վկայում է այն մասին, որ արված հետազոտությունն ունի շատ բարձր որակական մակարդակ և կարևորություն: Մոտ ապագայում մենք շարունակելու ենք ուսումնասիրել տոպոիզոմերազ ֆերմենտի հետ նոր միացությունների փոխազդեցությունները: